Մասիսում հոսպիտալացված 12-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է

Armenpress 11:41, 25 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ` նախարարի խորհրդականներն այցելել են Մասիս քաղաքում մարտի 23-ին ավտոմեքենայում բռնկված հրդեհից տուժած 12-ամյա երեխային:

«Արմենպրես»-ին առողջապահության նախարարությունից տեղեկացրին, որ  Ճառագայթային բժշկության և այրվածքաբանական գիտական կենտրոնում բուժում ստացող երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է` մարմնի 40 տոկոս ծածկույթի, նաև վերին շնչուղիների այրվածքով:  «Առաջին պահից հիվանդը գտնվել է արհեստական շնչառության տակ: Բժիշկներն անում են ամեն բան, որպեսզի շնչառությունը պահվի, և կյանքին վտանգ չսպառնա: Առաջիկա օրերին երեխային անհրաժեշտ է լինելու ներարկել արյուն, պլազմա և սննդային մասսա, որը կապահովի առողջապահության նախարարությունը»,-տեղեկացրին նախարարությունից:

 Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող լուրերին, թե  հարազատները չեն այցելել երեխային, նախարարությունից հավաստիացրեցին, որ նախարարության ներկայացուցչները հանդիպել են հիվանդի եղբորը, ով պարբերաբար այցելում է նրան: Մարտի 23-ին՝ ժամը 22:04-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի կայարանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացիների ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել Ն.Մ.-ն (ծնված 2007թ.), ով այրվածքներով տեղափոխվել է Մասիսի ԲԿ, այնուհետև՝ Երևան քաղաքի Ճառագայթային բժշկության և այրվածքաբանական գիտական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am