Երևանի քաղաքապետն ընդգծում է շինհրապարակների շրջակա տարածքների մաքրության համար կառուցապատողների պատասխանատվությունը

Armenpress 13:19, 23 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը բազմից տուգանք և տույժ է նշանակել կառուցապատողներին`  շինհրապարակների նորմատիվներին չհամապատասխանող աշխատանքների համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը` նշելով, որ բազմիցս տուգանքներ և տույժեր են նշանակվել նման երևույթների  դեմ պայքարելու համար:

«Երևանի բոլոր շինհրապարակները պետք է կահավորված լինեն նորմատիվներին համապատասխան: Կահավորման մեջ նաև մտնում է մաքրությունը, կազմակերպողները պատասխանատու են հարակից տարածքների մաքրության համար: Մենք տույժեր, տուգանքներ են նշանակում այդ կազմակերպություններին: Սա ևս մեկ անգամ նշան է, որ մեր կառուցապատողները պատասխանատու են իրենց շրջակա տարածքների մաքրության համար»,- ընդգծեց Մարությանը:

Նրա խոսքով` քաղաքապետարանը ունի շատ սահմանափակ քանակով աշխատակիցներ և իրենք ուղղակի ի զորու չեն  24 ժամ շրջել քաղաքով և ֆիքսել ու արձանագրել  բոլոր խախտումները:

«Կա հասարակ մոտեցում` սա մեր քաղաքն է , այստեղ ապրում են մարդիկ, հետո ինչ, որ շինարարություն է իրականցվում: Կառուցապատողը պետք է հասկանա, որ նաև իրենից է կախված քաղաքի մաքրությունը»,- եզրափակեց Մարությանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am