Նիկոլ Փաշինյանն աղբից ազատվելու առաջնահերթ պայման է համարում չաղտոտելը

Armenpress 12:05, 23 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության  կառավարությունը հետազոտություններ է իրականացնում հասկանալու համար, թե որ տարբերակն է ավելի ձեռնտու՝ ունենալ աղբի վերամշակման գործարան, թե շեշտը դնել բիոէներգետիկայի վրա: Մարտի 23-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետն ընդգծեց, որ աղբի վերամշակման դեպքում արդյունքն այլ է, իսկ երկրորդ դեպքում էներգիա կարող են ստանալ: «Այստեղ ոչ թե քաղաքական որոշման խնդիր է, այլ մասնագետները պետք է ուսումնասիրեն գոյացած աղբի կառուցվածքը և ասեն, թե որ տարբերակը կլինի արդյունավետ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց իր հայտարարությունն այն մասին, որ հեղափոխությունը կհասնի իր վերջնական նպատակին, երբ  կազատվեն մեքենաների ջարդոններից և ժանգոտ կրպակներից: «Եվ ես հիմա շատ ուրախ եմ, որ Չարենցավանի մետաղաձուլական կոմբինատը իմ այդ կոչին արձագանքել է: Նրանք տարբեր տեղերից այդ մեքենաների ժանգոտած թափքերը հավաքում են»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց, որ իրեն չի գոհացնում  երկրում տիրող  իրավիճակը մաքրության առումով: Հարցին, թե ինչպե՞ս է պետք դրա դեմ պայքարել, ՀՀ վարչապետը նշեց, որ առաջին հարթին հարկավոր է պարզապես չաղտոտել, ծխախոտը չծխել ու գետնին գցել, աղբն աղբամանի մեջ նետել: «Երբ կգաք կասեք, դա արվել է, շարունակության մասին կասեմ»,- նշեց Փաշինյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am