ՀՀ ոստիկանությունը կընդլայնի աջակցությունը ՀՀ առողջապահության նախարարությանը

Armenpress 21:58, 22 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը մարտի 22-ին ընդունել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են առողջապահության նախարարության պաշտոնատար անձինք ու ոստիկանության մի քանի ստորաբաժանումների պատասխանատուներ: 

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, քննարկվել են թմրանյութեր պարունակող հակացավային դեղամիջոցների, շտապ օգնության ծառայության, վարորդական վկայականների տրամադրման, պացիենտների անձնական տվյալների պաշտպանության մասին հարցեր և ոլորտներին վերաբերող օրենսդրական փոփոխությունների նախագծեր:

Երկու գերատեսչությունների ղեկավարները միակարծիք էին, որպեսզի ճանապարհային ոստիկանությունն առավել ուժեղացնի ծառայությունը լուսաձայնային ազդանշաններով երթևեկող շտապօգնության մեքենաներին ճանապարհ չզիջող վարորդներին, նաև անհարկի լուսաձայնային ազդանշաններ արձակող, խախտումներ կատարող այն շտապօգնության մեքենաների վարորդներին հայտնաբերելու հարցում, որոնք պացիենտ չեն տեղափոխում:

Առողջապահության նախարարության և ոստիկանության պատասխանատուները առաջարկներ են արել ու քննարկել երկու կառույցներին վերաբերող այլ հարցեր: Որոշվել է ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ` իրավիճակն օպերատիվ վերահսկելու և համակարգված աշխատելու համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am