Ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանի «Օթելլո» բեմադրությունը մրցանակների է արժանացել «ԳԻՏԻՍ- մաստեր կլաս» թատերական փառատոնին

Armenpress 21:00, 22 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի ԱՊՀ երկրների «ԳԻՏԻՍ-մաստեր կլաս» թատերական փառատոնին Գրիգոր Խաչատրյանի արվեստանոցի երրորդ կուրսի ուսանողները «Օթելլո» ներկայացմամբ մրցանակների են արժանացել «Լավագույն դրամատիկական ներկայացում», «Լավագույն երկրորդ պլանի դերասան» և «Լավագույն երկրորդ պլանի դերասանուհի» անվանակարգերում: Ուսանողները պարգևատրվել են դիպլոմներով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փառատոնն անցկացվել է մարտի 15-20-ը  Մոսկվայում:

Պատվիրակության կազմում են եղել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի միջազգային և հանրային կապերի գծով պրոռեկտոր Արմինե Եղիազարյանը, կուրսի ղեկավար Գրիգոր Խաչատրյանը և դասախոս, խորեոգրաֆ Արիկ Ասատուրյանը:

Փառատոնի շրջանակում անցկացվել են վարպետության դասեր, ներկայացումների դիտումներ, քննարկումներ, շրջայցեր տարբեր թանգարաններ և մշակութային կենտրոններ, որոնց ուսանողները ակտիվ մասնակցություն են ցուցաբերել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am