Մաքսային, ԱԱԾ հսկողությունը թույլ չի տա գաղտնալսող սարքերի ներկրումը Հայաստան

Armenpress 14:11, 22 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետություն գաղտնալսման սարքեր բերելու լիազորություններ ունեն միայն այն կառույցները, որոնք իրականացնում են օպերատիվ հետախուզական գործունեություն: Անհատները, տարբեր կազմակերպություններ չեն կարող ներկրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ,  ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին նշեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի հարցին, թե որ փուլում է գտնվում գաղտնալսման գործը և ինչ լուծում է տրվել գաղտնալսող սարքերի ներկրման խնդրին:

«Հարցը մեր ուշադրության կենտրոնում է։ Հավաստիացնում եմ, որ այլևս նման սարքեր չեն կարող ներկրվել: Նման սարքերի ներկրումն օրենքով է արգելված, ու դրանք ներկրելու լիազորություններ ունեն միայն այն կառույցները, որոնք իրականացնում են օպերատիվ հետախուզական գործունեություն: Թե մաքսային, թե մեր կողմից իրականացվող հսկողությունը թույլ չի տա նման սարքերի ներկրումը Հայաստան», - ասաց Արթուր Վանեցյանը:

Հարց է առաջանում, թե արդյո՞ք նախկինում նման սարքավորումներ ներկրվել են: Արթուր Վանեցյանը նշեց, որ այդ հարցի պատասխանը չունի: Նա հավաստիացրեց, որ իրականցվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները:

«Ունենք որոշակի տեղեկատվություն, որը ստուգման փուլում է, եթե կլինեն կոնկրետ արդյունքներ, ապա անմիջապես կհրապարակենք», - ասաց ԱԱԾ տնօրենը։

Ինչ վերաբերում է գաղտնալսման դեպքի հետ կապված գործին, ապա Արթուր Վանեցյանն ասաց, որ քննությունը շարունակվում է: Այդ մասով շատ բան չի կարող ավելացնել, որովհետև ինքն այդ գործով անցնող անձ է և փաստաթուղթ է ստորագրել նախաքննության գաղտնիքը չհայտնելու մասին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am