Դեսպան Մկրտչյանը Վիլնյուսում մասնակցել է Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված համաժողովին

Armenpress 13:02, 22 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիլնյուսում մարտի 21-ին տեղի է ունեցել Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված «Արևելյան գործընկերության տասնամյակը․ ի՞նչ է տեղի ունեցել և ի՞նչ է սպասվում» խորագրով համաժողովը, որին մասնակցել  և որպես բանախոս ելույթ է ունեցել Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Լիտվայի և Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունների նախաձեռնությամբ կազմակերպված համաժողովին ողջույնի խոսքով հանդես է եկել Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչյուսը (Linas Linkevičius), ով անդրադարձ է կատարել տասը տարիների ընթացքում Արևելյան գործընկերության հիմնական ձեռքբերումներին` վերահաստատելով Լիտվայի պատրաստակամությունն աջակցելու ԱլԳ անդամ երկրներում տեղի ունեցող բարեփոխումներին։

Համաժողովի առաջին մասում ելույթ է ունեցել Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, ով անդրադարձել է Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ-ի հետ համագործակցության հեռանկարներին, կարևորել է ԵՄ և մասնավորապես ԱլԳ գործիքակազմի ընձեռած հնարավորությունների դերը Հայաստանում տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման հարցում։ Կարևորելով ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մեկնարկը՝ դեսպան Մկրտչյանը հույս է հայտնել, որ Հայաստանի կողմից մեծ թափով իրականացող բարեփոխումների օրակարգն իր դրական ազդեցությունը կունենա այս հարցում։ Դեսպանն ընդգծել է, որ Լիտվան և բալթյան մյուս երկրները միանշանակ աջակցում են Հայաստանին այս հարցում։ Տիգրան Մկրտչյանը ներկայացրել է նաև ՀՀ-ԵՄ միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ այն համարելով որպես ԱլԳ շրջանակներում կարևոր ձեռքբերում։ Դեսպանն իր շնորհակալությունն է հայտնել բալթյան երեք երկրների ներկայացուցիչներին համաձայնագիրն առաջինը վավերացնելու համար՝ ընդգծելով ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից փաստաթղթի վավերացման կարևորությունը։

Եվրոպական Միության խորհրդում Ռումինիայի նախագահության շրջանակներում համաժողողվին ելույթ է ունեցել  նաև Ռումինիայի ԱԳՆ գլխավոր քարտուղար Դանութ Նիկուլաեսկուն (Dănuț Neculăescu), ով, ներկայացնելով ԵՄ խորհրդում Ռումինիայի առաջնահերությունները, ընդգծել է Արևելյան գործընկերության կարևորությունը՝ որպես ԱլԳ մասնակից երկրների համար Եվրամիության և անդամ պետությունների հետ համագործակցություն ծավալելու հարթակի՝ դրվատանքով խոսել է Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական գործընթացների և վարչապետ Փաշինյանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների մասին։

Համաժողովին ելույթներ են ունեցել նաև ԱլԳ անդամ երկրներից Ուկրաինայի, Մոլոդովայի և Վրաստանի, ինչպես նաև ԵՄ քաղաքացիական հասարակության և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am