Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացում Էրդողանի ռեժիմի միջամտությունն այլևս անընդունելի է. Հայ դատի հանձնախումբ

Armenpress 20:25, 21 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը հայտարարություն է տարածել Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան և նոր պատրիարքի ընտրության առնչությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարության մեջ հանձնախումբն իր վշտակցությունն է հայտնել պատրիարքի բարեկամների և Թուրքիայի հայ համայնքին:

«Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը ուշադրությամբ հետևելու է նոր պատրիարքի ընտրության գործընթացին: Պատրիարք Մութաֆյանի հիվանդության ողջ ընթացքում թուրքական իշխանություններն օգտագործում էին ամեն հնարավոր առիթ՝ խոչընդոտելու ընտրական գործընթացը, պառակտելու հայկական համայնքն ու թույլ չտալու իրացնել նոր պատրիարք ընտրելու իրենց իրավունքը: Պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի մահից հետո Էրդողանի ռեժիմը չի կարող այլևս հետաձգել ընտրությունների անցկացումը: Այսուհետ ընտրական գործընթացում թուրքական իշխանությունների ցանկացած միջամտություն անընդունելի է: Թուրքիայի հայերն ազատ են՝ ընտրելու իրենց հոգևոր առաջնորդին»,- ասվում է Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հայտարարության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am