Պետությունը բարելավել է քրեակատարողական հիմնարկներում սննդի որակը

Armenpress 17:52, 21 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրեակատարողական հիմնարկներ ուղարկվող հանձնուկների քանակը էականորեն կրճատվել է, իսկ սննդի որակը ՔՀԿ-ներում բարելավվել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը նկատեց, որ ՔՀԿ-ներ ուղարկվող կապոցների քանակը նվազել է: Նա հետաքրքրվեց, թե դա ինչով է պայմանավորված:

«Քրեակատարողական հիմնարկների սննդի վիճակը բարելավվել է, հացի որակն է բարելավվել, այն շատ ավելի համեղ է դարձել: Դրանով պայմանավորված հանձնուկների քանակը էականորեն պակասել է: Այս Ամանորին ստացվել է այնքան հանձնուկ, որը հավասար է «Նուբարաշեն» ՔՀԿ-ի մեկ օրվա հանձնուկի քանակին: Այդ աստիճանի պակասել են»,-ասաց Զեյնալյանը:

Նա նկատեց՝ դա իհարկե լավ է, քանի որ նրանց ընտանիքի անդամների սոցիալական բեռը թեթևանում է:  Սակայն նա միևնույն ժամանակ նշեց, որ դեռ անելիքներ կան: Դրա համար վերանորոգում են ճաշարանները, որպեսզի դրանք հագեցնեն սանիտարահիգիենիկ պայմաններին համապատասխան խոհանոցային պարագաներով: Նախարարի կարծիքով՝ դրա արդյունքում սննդի որակն ավելի կլավանա:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am