Դեսպան Մկրտչյանը Վիլնյուսում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը

Armenpress 13:50, 21 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի օրենսդիր մարմնում՝ Սեյմում, մարտի 20-ին  տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի օրվան նվիրված «Ֆրանկոֆոնիան, ժամանակակից աշխարհը և թվային տարածությունը» խորագիրը կրող կոնֆերանսը, որին մասնակցել և ելույթով հանդես է եկել  Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Լիտվայի Սեյմի պատգամավոր, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում Լիտվայի պատվիրակության ղեկավար Արունաս Գելունասը (Arūnas Gelūnas), ով մասնավորապես նշել է, որ չնայած ՖՄԿ-ում Լիտվան ունի դիտորդի կարգավիճակ, այնուամենայնիվ ակտիվորեն մասնակցում է միջոցառումներին և խրախուսում ֆրանկոֆոն արժեքների տարածումն իր երկրում։

Ներկաներին ուղղված իր խոսքում դեսպան Մկրտչյանը նշել է, որ գիտաժողովի թեման պատահական չի ընտրվել, քանզի այսօր Ֆրանկոֆոնիան նաև թվային տարածություն է նորարարությունների և զարգացումների համար։ Անդրադառնալով Հայաստանի՝ որպես Ֆրանկոֆոնիայի ընտանիքի ակտիվ անդամի գործունեությանը կազմակերպությունում, դեսպան Մկրտչյանն ասել է, որ մեր երկիրը բոլոր հնարավոր ուղղություններով տարածում է Ֆրանկոֆոնիան և վերջինիս գաղափարները։

Ներկայացնելով 2018թ․ հոկտեմբերին Երևանում տեղի ունեցած ՖՄԿ 17-րդ գագաթաժողովի արդյունքներն ու ձեռքբերումները՝ Տ․Մկրտչյանը միաժամանակ հայտնել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում զարգացումն ու առաջընթացը ՀՀ կառավարության առաջնահերություններից է, որի իրականացման համար կարևոր դեր է խաղում նաև ՖՄԿ թվային և տնտեսական ռազմավարությունը։

Ելույթներով հանդես են եկել նաև Լիտվայում Ֆրանսիայի դեսպան տիկին Կլեղ Լինիեր-Կունատը, ով ներկայացրել է ֆրանկոֆոնիայի նպատակները՝ համերաշխությունը, ժողովուրդների իրավահավասարութունը, երկխոսությունը, ժողովրդավարությունն ու դրանց խրախուսմանն ուղղված կազմակերպության հանձնառությունները։ Կիբերանվտանգության հարցերով փորձագետ Գայ-Ֆիլիպ Գոլշտայնն անդրադարձ է կատարել ՖՄԿ թվային տարածությունում առկա մարտահրավերներին, սպառնալիքներին և դրանց դիմակայմանն ուղղված միջոցառումներին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am