Իրավական և մասնագիտական հսկողության արդյունքում ի հայտ եկած խախտումների առնչությամբ Կոտայքի մարզպետը դիմել է մարզի դատախազին

Armenpress 11:35, 21 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի որոշման համաձայն Կոտայքի մարզի Ակունք խոշորացված համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ կատարվել է իրավական և մասնագիտական հսկողություն, որի արդյունքներով Կոտայքի մարզի նախկին Նոր Գյուղ համայնքում արձանագրվել են մի շարք խախտումներ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ Կոտայքի մարզպետարանից:  Մասնավորապես.

Գնումների գործընթացում չեն ներկայացվել գնումների պլաններ, գնման պայմանագրեր կնքելու վերաբերյալ հայտարարություններ, մի շարք գնումներ կատարվել են ֆիզիկական անձանցից, որոնց համար սահմանված կարգով չեն հաշվարկվել և ՀՀ պետական բյուջե չեն վճարվել եկամտային հարկ՝ խախտվել է իրավահարաբերության ծագման պահին գործող՝«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջը, ինչպես նաև «Գնումների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը և 15-րդ հոդվածի պահանջները: Համայնքում կատարված աշխատանքների իրականացման նպատակով իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ կնքվել են պայմանագրեր, որոնց համար չեն հաշվարկվել և ՀՀ պետական բյուջե չեն վճարվել եկամտային հարկեր: Վերոգրյալի արդյունքում խախտվել է «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջը: Համայնքի ավագանու որոշմամբ հաստատվել է համայնքի գույքագրման փաստաթղթերը, որտեղ չի ներառվել տվյալ ժամանակահատվածում համայնքի կողմից ձեռք բերված նյութական միջոց, որը «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 77-րդ հոդվածի պահանջի խախտում է:

Բացի վերոգրյալից, լրացուցիչ ուսումնասիրությամբ պարզվել է, որ

Համայնքի ղեկավարի որոշմամբ փոփոխվել է գյուղատնտեսական նշանակության հողամասերի հողատեսքերը ավելի ցածր հողատեսքի. այդ փոփոխությունների և հողատեսքերի օտարման հետևանքով համայնքի բյուջե պակաս է մուտքագրվել շուրջ 10 միլիոն դրամ գումար:

Նշված խախտումները քննության առարկա դարձնելու նպատակով Կոտայքի մարզպետը դիմել է Կոտայքի մարզի դատախազին:  

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am