Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության քրդական համայնքին Նավրոզի կապակցությամբ

Armenpress 11:12, 21 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին Նոր տարվա՝ Նավրոզի կապակցությամբ: 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է. 

«Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին Նոր տարվա՝ Նավրոզի կապակցությամբ:

Նավրոզը քրդերի հնագույն և ամենասիրված համազգային տոներից է: Այն համընկնում է գարնանային գիշերահավասարի հետ և ընկալվում իբրև բնության զարթոնքի խորհրդանիշ ու նոր տարվա սկիզբ:

Թող նոր կյանք խորհրդանշող այս գարնանային տոնը Հայաստանի իրավահավասար եղբայրական ընտանիքի մաս կազմող քուրդ բարեկամների համար դառնա նոր սկիզբ երազանքների իրականացման ճանապարհին:

Թող Նոր տարին լինի խաղաղության, համերաշխության, նոր ձեռքբրումների և հաջողությունների տարի:

Հայաստանի քրդական համայնքին մաղթում եմ բարօրություն, երջանկություն և հաստատակամություն՝ միասին կառուցելու ազատ, արդար ու բարեկեցիկ երկիր բոլորիս համար»:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am