«Հայ հեղինակների էստրադային երգեր» խորագրով համերգով Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջը նշեց հիմնադրման 40-ամյակը


ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի հիմնադրման 40-ամյակին նվիրված համերգին քոլեջի երգեցողության և գործիքային բաժնի սաները կատարեցին Առնո Բաբաջանյանի, Կոնստանտին Օրբելյանի, Ջիվան Տեր-Թադևոսյանի, Էվելինա Մակարյանի, Էդուարդ Բաղդասարյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Մարտին Վարդազարյանի, Արթուր Գրիգորյանի և Քրիստ Մանարյանի ստեղծագործությունները:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` համերգային երեկոն անցկացվեց մարտի 20-ին Հայաստանի երաժշտական ընկերության համերգասրահում:

«Սա միակ համերգը չէ, որով նշելու ենք հիմնադրման քառասունամյակը: Համերգներ ենք նախատեսում նաև Հայաստանի մարզերում»,- նշեց քոլեջի տնօրեն Տիգրան Դավթյանը:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

Նրա խոսքով` քոլեջում կան տարբեր բաժիններ` էստրադային, վոկալ-գործիքային, պար, դերասանական,  ռեժիսուրա, ջազ և այլն: Դասավանդվում են բարձրակարգ մասնագետներ:

«Կարծում եմ` իր տեսակով սա եզակի քոլեջ է: Երբ այն ստեղծվեց, կար  դասական արվեստի դպրոց, կային պարի բազմաթիվ դպրոցներ, բայց էստրադայի և ջազի մասնագիտական հաստատություն չկար: Ակսել Բակունցի շնորհիվ ստեղծվեց քոլեջը:  Բազմաթիվ ուսանողներ, սովորելով մեր քոլեջում, ստացան բավականին հիմնավոր կրթություն, քանի որ այստեղ դասախոսների հրաշալի կազմ էր: Քոլեջում են աշխատել Ռոբերտ Ամիրխանյանը, Արմեն Թութունջյանը, Ռուբեն Մաթևոսյանը, բարձր պրոֆեսիոնալներ, որոնք իրենց դերն են խաղացել ուսանողների մասնագիտական զարգացման գործում»,-նշեց քոլեջի գործիքային բենդի  ղեկավար Խաչիկ Սահակյանը:

Երգիչ, երգահան, սցենարիստ Քրիստ Մանարյանը, որը դասախոսում է քոլեջի ռեժիսուրայի բաժնում, շեշտեց, որ իր ուսանողների մեծ մասն արվեստագետների ընտանիքներից են, գիտեն, թե ինչ է թատրոնը, հեռուստատեսությունը: «Նրանցից շատերն աշխատում են արվեստի բնագավառում, փորձ ունեն, գիտեն` ինչ անել: Նրանց մեջ տեսնում եմ բարձր պատասխանատվության զգացում իրենց գործի հանդեպ: Քոլեջում նախանձախնդիր մարդիկ են աշխատում և սովորում»,-ասաց Մանարյանը: 

Կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանն ընդգծեց, որ քոլեջի հիմնադիր Ակսել Բակունցը  նվիրյալ էր, բանիմաց երաժիշտ, անհատականություն, ինչը նույնպես դրական ազդեցություն ուներ քոլեջի ձևավորման վրա: «Քոլեջ, որտեղ տիրում  էր բարությունը, երաժշտական նուրբ զգացողության սկզբունքը: Այս քոլեջը ոչ միայն կրթական,  այլև արտադրական կառույց է: Սա արդեն իսկ ձևավորված օրգանիզմ է, որն ապրում է: Հեռանկարները նույնպես լավն են»,-նշեց կոմպոզիտորը և հավելեց` պարտադիր չէ, որ այստեղ սովորող բոլոր ուսանողները դառնան համաշխարհային դեմքեր, բայց այն, որ այստեղ սովորողների մեջ սերմանվում է ջազային և էստրադային երաժշտության հանդեպ սեր, նրանք ընկալում են երաժշտությունը որպես մասնագիտություն, դա  հրաշալի է»,-եզրափակեց Վարդազարյանը:

Դահլիճը լեփ-լեցուն էր և բուռն ծափահարություններով էր արձագանքում բոլոր ելույթներին:

1979 թվականին ստեղծվել է «Հայ համերգ» կազմակերպության «Էստրադային ստուդիա», որը 1992-ին վերանվանվեց «Էստրադային և ջազային արվեստի քոլեջ», իսկ 1996-ին` «Էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ»: ՀՀ կառավարության որոշմամբ` 2004 թվականին «Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ: Շուրջ 35 ամյագործունեության ընթացքում քոլեջում դասավանդել են՝ Ակսել Բակունցը, Ռոբերտ Յոլչյանը, Ստեփան Լուսիկյանը, Ստեփան Շաքարյանը, Արթուր Գրիգորյանը, Էլվինա Մակարյանը, Գեորգի Ջանգուլյանը, Տաթևիկ Հովհաննիսյանը, Էռնա Յուզբաշյանը, Սյուզան Մարգարյանը, Աշոտ Ղազարյանը, Արմեն Հյուսնունցը: Քոլեջի շրջանավարտներից են ՝ Սյուզան Մարգարյանը, Էռնա Յուզբաշյանը, ԱնահիտՄանուկյանը, Նունե Եսայանը, Էմմա Պետրոսյանը, Ռուզաննա Ջամբազյանը, Արմեն Գևորգյանը, Աիդա Սարգսյանը, Արմինկան, Նարինե Հարությունյանը, Աննա Աղաջանյանը /Անչոկ/, Ջուսը, Մարինե Գյուլումյանը,Վարդան Գաբոյանը, Սեդա Ամիր-Կարայանը, Իլոնան, Սիլվա Հակոբյանը, Լուսինե Աղաբեկյանը, Նարե Գևորգյանը, Էլիզաբեթ Ադիկյանը,Արմինե Աթոյանը և շատ-շատերը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am