ՀՑԹԻ-ում տեղի է ունեցել հանդիպում ամերիկյան մամուլում հրապարակված ցեղասպանության մասին հոդվածների ժողովածուների հեղինակների հետ

Armenpress 17:19, 20 Մարտ, 2019
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում մարտի 20-ին  տեղի է ունեցել հանդիպում 1890-1922թթ․ամերիկյան մամուլում հրապարակված Հայոց ցեղասպանության մասին հոդվածներից կազմված ժողովածուների հեղինակների՝ Մխիթարյան Միաբանության Միաբան Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանի և ավստրալահայ Արա Քեթիբյան հետ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից, «The Armenian Genocide: Prelude and Aftermath. As reported in the U.S. Press» («Հայոց ցեղասպանություն. նախերգանք և հետգրություն: Հաղոդումներ ամերիկյան մամուլում») հատորների հրատարակումը հնարավոր է դարձել ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ ի դեմս գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, աջակցության շնորհիվ: Միջոցառմանը ողջույնի խոսք է ասել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը, նա հատորների հեղինակներին հանձնել է «Ավրորա Մարդիգանյան» հուշամեդալ՝ այս գրքերի կազմման, հետևաբար նաև Հայոց ցեղասպանության թեմայի հանրայնացման գործում ունեցած ավանդի համար:Ելույթ է ունեցել նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ով կարևորել է այս հատորների լույս ընծայումը, դրանց կարևորությունը հատկապես միջազգային հանրության և հետազոտողների համար:Հատորների հեղինակները նշել են` գրքերի միջոցով ժամանակագրական հերթականությամբ հասանելի է դառնում Հայոց ցեղասպանության մասին փաստող ստվարածավալ նյութ՝ արժանահավատ լրատվություն, ականատեսների վկայություններ, հաղորդումներ, լուսանկարներ և այլն։ Հատորների նյութն ընդգրկում է 1894-1896 թթ․ Համիդյան կոտորածները, Ադանայի կոտորածը, Հայոց ցեղասպանությունը և այդ կոտորածների անմիջական հետևանքները։ Այս պահին ընթերցողի սեղանին 10 հատորանոց անգլերեն մատենաշարից առաջին երեքն են, որոնք ամփոփում են ամերիկյան The New York Times -ի (Նյու Յորք Թայմս) ու The Boston Daily Globe -ի (Բոստոն Դեյլի Գլոբ) հազարավոր էջեր: Հատորը մեծ ձեռքբերում է ինչպես ոլորտի մասնագետների, հետազոտողների, այնպես էլ ընթերցող լայն շրջանակների համար։ Միջոցառման ներկաները հնարավորություն են ունեցել նաև հարցեր ուղղել հեղինակներին, լսել նրանց մեկնաբանությունները: 


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am