Գրավատների և փոխանակման կետերի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում կառավարության շենքի մոտ

Armenpress 11:24, 20 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրավատների և փոխանակման կետերի աշխատակիցները կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անցկացնում՝ իրենց դժգոհությունն արտահայտելով «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների սպասվող նախագծով, որով նախատեսվում է գրավատների համար տարեկան պետական տուրքը 100 հազար դրամից դարձնել 6 միլիոն, իսկ փոխանակման կետերի համար՝ 50 հազարից 3 միլիոն դրամ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրավատների և փոխանակման կետերի աշխատակիցներն ընդգծում են, որ օրենքում նախատեսվող փոփոխությունները կյանքի կոչելու դեպքում ոլորտում մենաշնորհ է հաստատվելու, քանի որ գրավատների և փոխանակման կետերի մեծ մասն այդպիսի պայմաններում չեն կարողանալու աշխատել:

Նրանք պահանջում են վարչապետի հետ հանդիպում կամ ակնկալում են, որ վարչապետը որևէ կերպ կարձագանքի խնդրին: Կառավարության շենքի մոտ հավաքված քաղաքացիները հայտնեցին, որ  գրավատների և փոխանակման կետերի մի խումբ աշխատակիցներ Ազգային ժողովում իրենց բարձրաձայնած խնդիրների հետ կապված քննարկման են մասնակցում:

«Պետական տուրքի մասին» օրենքում սպասվող  փոփոխություններից դժգոհ քաղաքացիները նշում են, որ ցանկանում են հասկանալ, թե ինչ հաշվարկների հիման վրա է որոշում ընդունվել գրավատների և փոխանակման կետերի տարեկան տուրքն այդպես կտրուկ բարձրացնել: Նրանք սպասում են ֆինանսների նախարարության հիմնավորումներին, որոնք, ինչպես պնդում են, մինչ այս պահը չեն ստացել:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am