ՀՀ փոխվարչապետն ու ԵՆԲ պաշտոնյան պայմանավորվել են ուսումնասիրել կրթական և առողջապահական նոր ծրագրերի հնարավորությունները

Armenpress 18:59, 19 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մարտի 19-ին ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ներդրումային գործառույթների Արևելյան գործընկերության հանրային հատվածի վարչության պետ Լիոնել Ռապային:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, հանդիպման ընթացքում քննարկվել է կառույցի հետ Հայաստանի ընթացիկ համագործակցությանը և ԵՆԲ վարկային միջոցներով էներգետիկ, ճանապարհային և ոռոգման ենթակառուցվածքների ոլորտներում իրականացվող  ծրագրերը: Փոխվարչապետը նշել է, որ կառավարությունը նպատակադրված է նոր ազդակ տալ վարկային ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքներին՝ առավելագույնս հասնելով նրան, որ դրանք կյանքի կոչվեն նախապես պլանավորած ժամկետներում:

Հյուրի խնդրանքով Տիգրան Ավինյանն անդրադարձել է հանրային կառավարման համակարգի բարեփոխումների գործընթացին:

Զրուցակիցները պայմանավորվել են ուսումնասիրել կրթության և առողջապահության ոլորտներում նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am