Մարտի 20-ին սպասվող իրադարձությունները

Armenpress 09:30, 20 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ մարտի 20-ին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում մամուլի ասուլիսով հանդես կգա նախարար Սուրեն Պապիկյանը: Նախարարը կներկայացնի մարտի 23-ին համապետական շաբաթօրյակի շրջանակներում իրականացվելիք միջոցառումները, կանդրադառնա տարածքային կառավարման ոլորտի ընթացիկ և նախատեսվող ծրագրերին։

Արտաքին գործերի նախարարությունում նախատեսված է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի ճեպազրույցը: Նա կանդրադառնա արտաքին քաղաքական ոլորտում վերջին զարգացումներին:

Երևանում կկայանա «Հայաստանում ատոմային արդյունաբերության զարգացման հեռանկարները» թեմայով քննարկում: Միջոցառման մոդերատորն է Հայաստանում էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի փորձագետ Արա Մարջանյանը:

Երևանում կանցկացվի «Լույսի մոլորակ» խորագրով մոր և մանկան կոնֆերանս-ցուցահանդես կրթական ինտերակտիվ միջոցառումը: ՄԱԿ-ի բնակչության, «Իմ Քայլը» հիմնադրամերի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները հրավիրված ասուլիսում կներկայացնեն մանրամասներ:

Հայաստան կժամանի ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների 27-րդ խումբը: Խումբը բաղկացած է 37 կամավորներից, ովքեր Ամերիկայի միացյալ նահանգների քաղաքացիներ են: Կամավորները Հայաստան են գալիս երկու տարի ժամկետով, ապրելու են Հայաստանի տարբեր մարզերում՝ գյուղերում և քաղաքներում, աշխատելու են դպրոցներում և հասարակական կազմակերպություններում:

Արամ Խաչատրյան համերգասրահում կկայան թավջութակահար Նարեկ Հախնազարյանի համերգը: Հախնազարյանը կկատարի Էդվարդ Էլգարի հայտնի Թավջութակի կոնցերտը: Համերգը կղեկավարի դիրիժոր, արվեստի վաստակավոր գործիչ Էդվարդ Թոփչյանը: Այն  նվիրվում է Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադիր դիրիժոր Արշակ Ադամյանի ծննդյան 135-ամյակին:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am