Նախագահ Սարգսյանն ընդունել է Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանին

Armenpress 15:11, 19 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 19-ին հյուրընկալել է Մոսկվայի Միխայիլ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Ելենա Վարդանովային և Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանն ասել է, որ Մոսկվայի պետական համալսարանն իր համար հարազատ կրթօջախ է, որտեղ ունեցել է և ունի բազմաթիվ գործընկերներ ու ընկերներ: Նախագահը նշել է, որ իր գիտական և դասախոսական գործունեության ընթացքում բազմաթիվ աշխատանքային շփումներ և փոխայցելություններ է ունեցել իր համալսարանական գործընկերների հետ:

Արմեն Սարգսյանը կարևորել է աշխարհի հեղինակավոր ուսումնական հաստատություններից մեկի՝ Մոսկվայի պետական համալսարանի ներկայությունը Հայաստանում և անհրաժեշտ համարել ընդլայնել երևանյան մասնաճյուղի գործունեությունը, գիտակրթական ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը և կապերի ամրապնդումը:

Ներկայացնելով այցի նպատակը՝ Ելենա Վարդանովան ասել է, որ Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղում հանդես է եկել լրագրության ոլորտին առնչվող մի քանի հրապարակային դասախոսություններով:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել լրագրության ապագայի, թվային տեխնոլոգիաների դարաշրջանում առկա մարտահրավերների, հավաստի և պրոֆեսիոնալ լրատվության, լրագրության դասավանդման մակարդակի բարձրացման հարցերի շուրջ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am