Հյուսիսային պողոտայի միջանկյալ հատվածում գտնվող հրապարակը կանվանակոչվի  Եվրոպայի հրապարակ

Armenpress 15:02, 19 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանին հերթական նիստում միաձայն կողմ քվեարկեց ՀՀ արտաքին գործերի նախարարության և Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանի կողմից ներկայացված առաջարկությանը` Երևան քաղաքի փոքր կենտրոնում Եվրոպայի խորհրդի կամ Եվրոպայի հրապարակ անվանակոչելու վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ավագանու նիստի ընթացքում քաղաքապետարանի Կազմակերպական  վարչության պետ Արմինե Վարդանյանն ասաց, որ 2019 թ. նշվում է Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակը:

«Այդ նպատակով ԵԽ նախարարների կոմիտեի 2018 թ. հունիսի 20-ի նիստում, մասնավորապես, առաջարկվել է անդամ պետություններում կազմակերպության 70-ամյա հոբելյանի կապակցությամբ Եվրոպայի խորհրդի անունով անվանակոչել որևէ փողոց, հրապարակ, այգի կամ պուրակ»,-ասաց նա՝ հավելելով, որ  մարտի 26-28-ը տեղի է ունենալու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահի այցը Հայաստան, ինչի շրջանակներում նախատեսվում է իրականացնել հրապարակի բացման արարողությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am