Դեսպան Հովակիմյանը հանդիպել է Չեխիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի անդամների հետ

Armenpress 16:57, 18 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Հովակիմյանը հյուրընկալվել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի կողմից։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, խմբի ղեկավար՝ Սահմանադրական և իրավական հարցերի կոմիտեի նախագահ, Քաղաքացիական ժողովրդավարական կուսակցությունը ներկայացնող Մարեկ Բենդան ողջունել, շնորհավորել և արգասաբեր գործունեություն է մաղթել ՀՀ նորանշանակ դեսպանին։

Դեսպան Հովակիմյանն իր երախտագիտությունն է հայտնել  ՉՀ խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված բանաձևի ընդունման առթիվ՝ բարձր գնահատելով այն մեծ աշխատանքն ու ճանապարհը, որ իրականցվել է երկու երկրների Խորհրդարանների և ՉՀ-ում ՀՀ դեսպանության արդյունավետ աշխատանքի շնորհիվ։ Նա հույս է հայտնել, որ ապագայում ևս այդ համագործակցությունը կշարունակվի նույնքան բարձր մակարդակով։

ՀՀ դեսպանը ներկայացրել է հայ-չեխական երկկողմ բարեկամական հարաբերությունների ներկայիս վիճակը, ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, միջխորհրդարանական երկկողմ հարաբերությունները, պարզաբանեց ԼՂ հիմնահարցի կարգավորման շուրջ ՀՀ դիրքորոշումը։ Դեսպանը պատասխանել է նաև պատգամավորների բազմաթիվ հարցերին՝ ՀՀ ներքին քաղաքական և տնտեսական իրավիճակի, Հայաստան-Չեխիա ապրանքաշրջանառության, ՀՀ արտահանման ներուժի, Հայաստանի համար IT ոլորտի կարևորության վերաբերյալ։

ՀՀ դեսպանն անդրադարել է  նաև ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագրի վավերացման գործընթացին, նշելով վերջինի կարևորությունը ՀՀ համար և հույս հայտնելով, որ ՉՀ Խորհրդարանի կողմից փաստաթղթի վավերացումը կարագացվի։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am