Դեսպան Հովակիմյանը Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալի հետ քննարկել է երկկողմ այցելությունների և քաղաքական խորհրդակցությունների օրացույցը

Armenpress 16:52, 18 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Հովակիմյանը մարտի 14-ին հանդիպում է ունեցել եվրոպական հարցերով Չեխիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեշ Խմելարժի (Aleš Chmelař) հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախարարի տեղակալը ողջունել է նորանշանակ դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և բարձր գնահատական տվել հայ-չեխական հարաբերություններին, անդրադառնալով նրանց բազմազանությանն ու ակտիվությանը, կարևորելով Հայաստանի և Չեխիայի միջև քաղաքական և տնտեսական համագործակցության խորացումը։

Դեսպան Հովակիմյանը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների և հայ-չեխական հարաբերություններին տրված բարձր գնահատականի համար, ներկայացրել է դրանց զարգացման համար դեսպանության կողմից նախաձեռնվող քայլերը, անդրադարձ է կատարել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, ՀՀ արտաքին քաղաքականության առաջնայնություններին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ վերջին զարգացումներին՝ պարզաբանելով ՀՀ դիրքորոշումը։

Դեսպանը հատուկ ուշադրություն է դարձրել ԵՄ հետ հարաբերությունների գործընթացին, կարևորելով ՉՀ խորհրդարանի կողմից ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագրի (CEPA) վավերացման գործընթացի արագացումը, ինչպես նաև Չեխիայի հետ ԵՄ-Հայաստան մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի վերաբերյալ բանակցությունների մեկնարկը։ Քննարկվել է երկկողմ բարձրաստիճան այցելությունների և քաղաքական խորհրդակցությունների օրացույցը։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև ապրիլի 16-17-ին Պրահայում կայանալիք ԵՄ Արևելյան Գործընկերության անդամ պետությունների հոբելյանական հանդիպմանը՝ նվիրված տնտեսական խնդիրներին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am