Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցում է նորակառույց բնակելի շենքի բացման արարողությանը

Armenpress 12:08, 18 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Գրանդ Քենդի» ընկերության կառուցած բնակելի շենքի բացման արարողությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետին ուղեկցում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Արմենպրես»-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ կառավարության ղեկավարը շրջել է շենքի բնակարաններով՝ ծանոթացել ստեղծված պայմաններին և շնորհավորել բնակարանամուտ տոնած քաղաքացիներին: 

Բագրատունյաց 47/2 հասցեում գտնվող շենքում առկա է մեկից մինչև չորս սենյականոց 104 բնակարան և 92 ավտոկայանատեղի: Շենքի շինարարության համար ծախսվել է մոտ 7 միլիոն դոլար:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ուղեկցությամբ այցելել է նորակառույց շենքին հարակից անմխիթար վիճակում գտնվող շենքերից մեկը, զրուցել բնակիչների հետ: Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ առաջիկայում բնակիչներին կընդունի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարն ու կքննարկեն շենքի խնդիրների համատեղ լուծման հնարավորություններն ու տարբերակները:     

Լրագրողների հետ զրույցում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդգծեց, որ որպես համայնքի ղեկավար ողջունում է նախաձեռնությունը և շնորհակալ է Վարդանյանների ընտանիքին՝ Երևանի բնակչությանը ինքնարժեքով որակյալ բնակարաններ ձեռք բերելու հնարավորություն ստեղծելու համար:  «Ես՝ որպես համայնքի ղեկավար ողջունում եմ և շատ շնորհակալ եմ Վարդանյանների ընտանիքին, որ մեր համայնքի բնակիչներին այսպիսի հնարավորություն են տվել ինքնարժեքով, որակյալ բնակարաններ ձեռք բերել՝ 12 տարի մարման ժամկետով և առանց տոկոսադրույքի: Սա հիանալի տարբերակ է, լավ նվեր է թե իրենց աշխատողների, թե մեր համայնքի բնակիչների համար: Նորից եմ ասում՝ որպես համայնքի ղեկավար ես շատ շնորհակալ եմ այսպիսի նախաձեռնության համար և կողջունենք նման նախաձեռնությունները»,- նշեց Մարությանը:

Նա վստահեցրեց, որ  քաղաքային իշխանությունները իրենց լիազորությունների սահմաններում  ամեն ինչով աջակցելու են նման նախաձեռնություններին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am