Դինքի սպանության գործով ազատ արձակված երկու կասկածյալները կրկին կձերբակալվեն

Armenpress 16:30, 16 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսահայ լրագրող, «Ակոս» պարբերականի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով օրերս պայմանական ազատ արձակված երկու կասկածյալները կրկին կձերբակալվեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, Ստամբուլի դատարանը մարտի 15-ին բավարարել է դատախազների միջնորդությունը Ստամբուլի ժանդարմերիայի հետախուզական բաժնի ղեկավար Մուհարեմ Դեմիրքալեին և Fox TV հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրեն Էրջան Գյունին կրկին ձերբակալելու վերաբերյալ:

Դինքի սպանության գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 11-13-ը:

Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին` խմբագրության առջև նրա վրա կատարված զինված հարձակման հետևանքով: 2012 թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ` Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, իսկ սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթը` 22 տարվա ազատազրկման: 2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում է կայացրել  Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից:Ներկայում Դինքի սպանության գործով կա 85 կասկածյալ, որոնց շարքում է նաև Էրդողանի թիվ մեկ թշնամի հայտարարված գյուլենականների առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը: Կասկածյալներից 11-ը կալանավորված են, իսկ 10-ը հետախուզման մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am