ԵՊԲՀ ռեկտորն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային փոխնախագահին

Armenpress 14:10, 15 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային բանկի (ՀԲ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Սիրիլ Մյուլլերի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելեց Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՊԲՀ-ից, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ պատվիրակության անդամներն այցելեցին ԵՊԲՀ-ում գործող Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոն, եղան «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի գործնական հմտությունների սիմուլյացիոն ուսումնական կենտրոնում ու Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում: Ապագա բժիշկները հնարավորություն ունեցան մուլյաժների վրա ցուցադրել պրակտիկ հմտություններն ու գիտելիքները:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ սիմուլյացիոն կենտրոնների շնորհիվ ուսանողները հնարավորություն են ստանում սովորել, աշխատել ու ճիշտ կողմնորոշվել բոլոր իրավիճակներում: «Առաջին հիվանդանոցը հարյուր տարվա պատմություն ունի: Վերջին տարիներին այս շենքում երկու կարևոր ներդրում է արվել: Առաջինը՝ համաշխարհային բանկի կողմից, որի արդյունքում ունենք սիմուլիացոն կենտրոնը և Զինվորների կենտրոնը, որը կյանքի է կոչվել հայ ժողովրդի ջանքերով»,- ընդգծեց ռեկտորն՝ ավելացնելով, որ ԵՊԲՀ-ն ավարտելու և դիպլոմ ստանալու համար յուրաքանչյուրը բարդ քննություն է հանձնում, որի մի մասը կազմում է սիմուլյացիոն կենտրոնը:

Արմեն Մուրադյանը Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին շնորհակալություն հայտնեց երկարամյա աշխատանքի համար: «Եթե չլինեին սիմուլյացիոն կենտրոնները մեր բժիշկները կկարողանային սովորել, բայց կսովորեին հիվանդի տառապանքի գնով: Այնպես որ դուք օգնել եք ոչ միայն մեր բժիշկներին, այլև հիվանդներին»,- ասաց ԵՊԲՀ ռեկտորն՝ ավելացնելով, որ բոլոր աշխատանքների հիմքում պրակտիկան է ընկած, սակայն այս դեպքում, շատ կարևոր է, որ այդ պրակտիկան հնարավոր է ձեռք բերել առանց սթրեսի ենթարկելու: «Որպես բժիշկ կարող եմ փաստել, որ մեր առողջապահական համակարգում ձեր կատարված ներդրումները շատ կարևոր են: Մեր երկրի բուժօգնության հասանելիությունը մարզերում և որակը համատեղ աշխատանքի արդյունք է, քանի որ մշտապես ուշադրության կենտրոնում եք պահում առողջապահական խնդիրները»,- նշեց Արմեն Մուրադյանը:

Համաշխարհային բանկի (ՀԲ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Սիրիլ Մյուլլերի խոսքով՝ շատ հաճելի է տեսնել ուսանողներին սիմուլյացիոն կենտրոնում՝ աշխատանքի մեջ: «Գնահատելի է նաև, որպես ռեկտոր շատ նվիրված և հանձնառու մոտեցումը, որը դրսևորում եք ձեր աշխատանքի հանդեպ»,- ասաց փոխնախագահ Սիրիլ Մյուլլեր:

Նշենք, որ արդեն գործող բժիշկների գործնական հմտությունների զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված այս ուսումնական կենտրոնները ստեղծվել են Համաշխարհային բանկի «Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրի շրջանակում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am