Երևանի քաղաքապետն այցելել է Մաշտոցի պողոտայում բողոքի ակցիայի ժամանակ վնասվածք ստացած կնոջը

Armenpress 10:07, 15 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը  մարտի 14-ի ուշ երեկոյան տիկնոջ՝ Իվա Մարությանի հետ եւ Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ այցելել է Առաջին համալսարանական կլինիկայում բուժում ստացող Սվետլանա Հարությունյանին։  Նա գոտկատեղի շրջանում վնասվածք է ստացել Օպերայի հարակից տարածքում նախօրեին տեղի ունեցած քաշքշուկի ժամանակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեսյբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

Քաղաքապետը հետաքրքրվել է նրա ինքնազգացողությամբ եւ շուտափույթ ապաքինում է մաղթել։ Արմեն Մուրադյանի առաջարկով Սվետլանա Հարությունյանը կարող է աշխատանքի անցնել Համալսարանական կլինիկայում:

Մարտի 14-ին Երևանի քաղաքապետարանը շարունակել է Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները, ինչը հարուցել է սրճարանների աշխատակիցների դժգոհությունը: Սրճարանի աշխատակիցները փակել էին Մաշտոցի պողոտան, իսկ այնուհետև՝ Թումանյան փողոցը: Ոստիկանությանը մի քանի փորձից հետո հաջողվեց ակցիայի մասնակիցներին հեռացնել փողոցի երթևեկելի հատվածից և վերականգնել երթևեկությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am