Դեսպան Մկրտչյանը հանդիպում է ունեցել Լիտվայի գերագույն խորհրդի և Սեյմի նախկին նախագահի հետ

Armenpress 17:16, 14 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը մարտի 14-ին դեսպանությունում հյուրընկալել է Լիտվայի Հանրապետության առաջին ղեկավար, Լիտվայի գերագույն խորհրդի և Սեյմի նախկին նախագահ, պրոֆեսոր Վիտաուտաս Լանդսբերգիսին (Vytautas Landsbergis)։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման սկզբում դեսպան Մկրտչյանը Վ․ Լանդսբերգիսին շնորհավորել է Լիտվայի անկախության վերականգնման 29-ամյակի կապակցությամբ, որը նշվել է մարտի 11-ին՝ հավելելով, որ այդ իրադարձություններն իրենց կարևոր դերակատարումն ունեցան զուգահեռաբար ընթացող Հայաստանի Հանրապետության անկախացման գործընթացում։ Դեսպանը նշել է, որ բալթյան երկրներից հետո Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունել է Հայաստանի անկախության հռչակագիրը։

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային և միջազգային հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, անդրադարձ են կատարել  երկու երկրներում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին:

Հյուրի խնդրանքով դեսպան Մկրտչյանը ներկայացրել է նոր կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականության առանցքային կետերը և Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am