ՊԵԿ պատվիրակությունն աշխատանքային այց է կատարել Վրաստան

Armenpress 11:43, 14 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ներկայացուցիչների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քննարկվել են երկկողմ համագործակցության, մասնավորապես ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՎՀ եկամուտների ծառայության միջև տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին արձանագրության ստորագրման և տվյալների փոխանակման տեխնիկական իրագործմանն առնչվող հարցեր: Բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել արձանագրության բովանդակության շուրջ: Փաստաթուղթը կստորագրվի երկու երկրներում ներպետական ընթացակարգեր անցնելուց հետո:

Ի դեպ, տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին արձանագրություն արդեն իսկ ստորագրված է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային վարչության հետ, ընթանում են համապատասխան համակարգի մշակման աշխատանքները:

Հարևան պետությունների մաքսային մարմինների հետ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման շնորհիվ հնարավոր կլինի ստացված նախնական տվյալների հիման վրա կիրառել թիրախային հսկողություն, ինչպես նաև կրճատել մաքսային ընթացակարգերով տրանսպորտային միջոցների և ապրանքների ձևակերպումների ժամանակը՝ մի շարք գործողությունների կրկնողության բացառման շնորհիվ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am