ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ գործող նախագահը կարևորել են ԼՂ հակամարտության գոտում միջադեպերի կանխարգելման մեխանիզմների ներդրումը


ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մարտի 13-ին հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախարար Մնացականյանը ողջունել է Միրոսլավ Լայչակի այցը Երևան՝ այն կարևոր համարելով հատկապես այն պայմաններում, երբ կազմակերպության կոնսենսուսի սկզբունքի չարաշահման արդյունքում ԵԱՀԿ ներկայացվածությունը Հարավային Կովկասում հասցվել է նվազագույնի: Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունն աջակցելու ԵԱՀԿ-ում Սլովակիայի նախագահության առաջնահերթություններին և համագործակցելու բոլոր երեք հարթություններում ԵԱՀԿ օրակարգի հարցերի շուրջ երկխոսությունը խթանելու ուղղությամբ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել ԵԱՀԿ շրջանակներում առկա արդյունավետ համագործակցությունը Հայաստանում ընթացող բարեփոխումների օրակարգն առաջ մղելու գործում:

Երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերի և կազմակերպության առջև ծառացած մարտահրավերներին համագործակցության ոգով դիմագրավելու կարևորությունը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը և հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացին։ Այս առումով երկուստեք կարևորվել է ռիսկերի նվազեցման և միջադեպերի կանխարգելման մեխանիզմների ու վստահության ամրապնդման միջոցառումների ներդրումը:

Հայաստանի և Սլովակիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարներն անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-սլավակյան համագործակցությանն առնչվող մի շարք հարցերի, մտքեր փոխանակել առևտրատնտեսական կապերի առավել աշխուժացման, քաղաքական երկխոսության առավել ընդյալնման ուղղությամբ համատեղ գործնական քայլերի շուրջ: Այս համատեքստում ԱԳ նախարար Մնացականյանը ողջունել է Հայաստանում դեսպանություն բացելու Սլովակիայի որոշումը: Երկուստեք ընդգծվել է, որ այն նոր լիցք կհաղորդի երկկողմ օրակարգի առավել ընդլայնմանը:

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am