ՀՀ պատվիրակությունը Նյու Յորքում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովին

Armenpress 20:16, 13 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՄԱԿ-ում մարտի 12-ին տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կողմից կազմակերպված նախարարական համաժողովը, որին մասնակցել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի գլխավորած պատվիրակությունը։ Համաժողովը կազմակերպվել էր Նյու Յորքում մեկնարկած Կանանց կարգավիճակի հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում և նվիրված էր ֆրանկոֆոն երկրներում հասարակական կյանքի բոլոր ոլորտներում կանանց և աղջիկների դերակատարության բարձրացմանը։

Հաղորդագրության մեջ նշված է. «Համաժողովի քննարկումների կենտրոնում էր Երևանում 2018թ․ կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովն ու դրա շրջանակներում Երևանում ընդունված «Կանանց և տղամարդկանց միջև հավասարության, կանանց իրավունքների և առաջխաղացման խթանմանման մասին» ռազմավարությունը, ինչպես նաև՝ վերջինիս իրականացման ուղղությամբ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամների կողմից ձեռնարկվող քայլերը։ Համաժողովի մասնակիցները շնորհավորանքի խոսքեր ուղղեցին հայկական կողմին՝ Երևանյան գագաթաժողովը բարձր մակարդակով անցկացնելու և Ֆրանկոֆոնիայում նախագահության շրջանակներում կարևոր նախաձեռնություններով հանդես գալու կապակցությամբ։

Միջոցառման ընթացքում Զ․ Բաթոյանը մտքեր փոխանակեց նաև Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթաժողովը 2020թ․ հյուրընկալող երկրի՝ Թունիսի Կանանց, ընտանիքի, երեխաների և տարեցների հարցերով նախարար Նազիհա Լաաբիդիի հետ»։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am