Արտակ Զեյնալյանը որպես վկա հարցաքննվել է Մարտի 1–ի գործի շրջանակներում

Armenpress 21:09, 12 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը որպես վկա հարցաքննվել է Մարտի 1–ի գործի շրջանակներում։ Այդ մասին լուրը «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեց նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը։

«Նախարարը որպես վկա հարցաքննվել է»,– ասաց Լուսինե Մարտիրոսյանը:

Հայտնի է, որ Մարտի 1-ի գործով վկայի կարգավիճակով հարցաքննվել են նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՀՀ երրորդ նախագահ Սերժ  Սարգսյանը:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 18-ին որոշում էր կայացրել բավարարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը՝ կալանքը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ: Քոչարյանի պաշտպանները բողոք էին ներկայացրել առաջին ատյանի դատարանի՝ հունվարի 18-ի որոշման դեմ, որով բավարարվել է Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ և մերժվել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին:

2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am