ԱՄՆ ՄԶԳ-ն կաջակցի Սյունիքի և Լոռու դպրոցների վերանորոգմանը

Armenpress 18:13, 12 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը մարտի 12-ին ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) ներկայացուցիչներին: Քննարկվել են մի շարք հարցեր, մասնավորապես ներառական կրթության քաղաքականության լրամշակման նպատակով. ՀՀ ԿԳ նախարարության նախաձեռնությամբ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը Հայաստան է հրավիրում 2 փորձագետի, ովքեր պետք է աշխատեն նախարարության աշխատակիցների հետ հայեցակարգի լրամշակման և ճանապարհային քարտեզի մշակման ուղղությամբ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, փորձագետներն աշխատանքն սկսելու են սույն թվականի մարտի վերջին։

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչները նշել են, որ ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև համագործակցության շրջանակում Սյունիքի մարզում 11 դպրոցների և 1 աջակցության կենտրոնի վերանորոգման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են, և նախատեսվում է նմանատիպ աշխատանքներ իրականացնել նաև Լոռու մարզում։

Քննարկվել է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան պաշտպանության ոլորտում համագործակցության գրասենյակի հետ համագործակցության շրջանակներում դպրոցներում վերանորոգման աշխատանքներ իրականացնելու հնարավորությունը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am