Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ԱՄՆ նորանշանակ դեսպանին

Armenpress 15:35, 12 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ֆինանսների նախարարությունից, նախարարը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և բարձր է գնահատել երկու երկրների գործընկերային հարաբերությունները: Նա դեսպանին է ներկայացրել ՀՀ կառավարության ծրագրով սահմանված առաջնահերթություններն ու բարեփոխումների օրակարգը: Ջանջուղազյանը նշել է, որ այս համատեքտում նախարարությունն ունի հավասարակշռության պահպանման և ֆինանսական կարգապահության ապահովման գործառույթ, որը թույլ կտա առավելագույն արդյունք ստանալ ծախված միջոցների դիմաց:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ֆիսկալ կանոններին, հարկային համակարգի փոփոխություններին, պետական պարտքի կայունացմանը, ինչպես նաև դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքակության միջոցով մակրոտնտեսական ռիսկերի կառավարելիությանը, Արժույթի միջազգային հիմնադրամի հետ հաջող բանակցությունների ընթացքին: Վերջինիս առնչությամբ դեսպանն ընդգծել է, որ դա կնպաստի Հայաստանի նկատմամբ միջազգային ֆինանսական հանրության վստահության ամրապնդմանը:

Քննարկվել են նաև երկրում ներդրումային և գործարար բարենպաստ միջավայրի ստեղծման նախապայմանները և հայ-ամերիկյան համագործակցության ընդլայնումն այս ուղղությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am