«Իջևան» ԲԿ-ի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել

Armenpress 15:02, 12 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Իջևան ԲԿ» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանին մեղադրանք է առաջադրվել խարդախություն կատարելու հատկանիշներով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`  այս մասին  հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում 2019 թվականի հունվարի 16-ին վարույթ է ընդունվել 2019 թվականի հունվարի 8-ին ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1( խարդախություն, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով) և 2-րդ կետի (խոշոր չափերով) հատկանիշներով հարուցված քրեական գործը:

Նախնական տվյալներով՝ Իջևան քաղաքի բնակիչը ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ներկայացրել, որ Իջևան ԲԿ ՓԲԸ-ի նախկին տնօրենը, 2015 թվականի ամռանը իրեն հիշյալ ԲԿ-ում աշխատանքի տեղավորելու համար պահանջել և ստացել է 3 հազար ԱՄՆ դոլար, սակայն, չկատարելով խոստումը, հափշտակել է գումարը:

Իրականացված անհետաձգելի քննչական, դատավարական և այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:

«Իջևան ԲԿ» ՓԲԸ-ի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 2-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Քաղաքացուն պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am