Սեւանում ֆրանկոֆոնյան գարնան մեկնարկը կտրվի մարտի 20-ին

Armenpress 15:59, 11 Մարտ, 2019

ԳԱՎԱՌ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 11-ին Հայաստանում մեկնարկում է ֆրանկոֆոնյան հերթական գարունը, որին արդեն 10-րդ տարին է, ինչ իր մասնակցությունն է ունենում Սեւան համայնքը՝ Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի հետ ունենալով ապակենտրոնացված համագործակցության 15-ամյա կենսագրություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը, նախորդ տարիների նման այս տարի ևս ավանդույթը չի խախտվում, եւ Սևանը ճանաչողական, մշակութային միջոցառումներով, նախաձեռնություններով ֆրանկոֆոնյան միամսյակը դարձնելու է հիշարժան եւ հետաքրքիր: Սեւանում ֆրանկոֆոնյան գարնանը նվիրված միջոցառումները կմեկնարկեն մարտի 20-ին եւ կտեւեն մինչեւ ապրիլի կեսերը:

«Նախատեսված է տեսանյութերի մրցույթ եւ տեսաբլոգի ստեղծում, կարաոկեի շաբաթվա ընթացքում մասնակիցները ֆրանսերեն կսովորեն երգելով: Կանցկացվի ԱՏԵԼԻԵ, որի ընթացքում կպատրաստվեն բացիկներ եւ կուղարկվեն Ֆրանսիա: Այս միջոցառումները կիրականացվեն Սեւան համայնքի եւ «Ֆրանս-ֆորմասիոն ինտերնասիոնալ» կազմակերպության համագործակցությամբ: Սեւանի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցը, որպես ֆրանսերենը 3-րդ օտար լեզու ուսուցանող կրթական հաստատություն, հանդես կգա նոր գաղափարներով: Միամսյակի շրջանակում նախատեսված է անցկացնել ֆրանսիական եւ հայկական երգերի ցերեկույթ, մեկ օր կնվիրվի Շառլ Ազնավուրին: Աշակերտները կիրականացնեն նաեւ ֆրանսերեն լեզվով բեմականացում:

Սեւանում Ֆրանկոֆոնյան գարունը համախմբելու է ֆրանկոֆոն արժեքներ կրող եւ դրանք զարգացնող կազմակերպություններին, հաստատություններին եւ անհատներին: Սեւանի համայնքապետարանը, համագործակցելով Սեւանի միջազգային ֆրանկոֆոն ակումբի, «Ֆրանս-ֆորմասիոն ինտերնասիոնալի», Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի, «Սեւանի երիտասարդական ակումբի» հետ, մեծ ու փոքրին կպարգեւի ֆրանսերեն լեզվի եւ մշակույթի հետ հաղորդակցվելու լավագույն առիթներ, բովանդակալից միջոցառումներ: Ի դեպ, ֆրանսերենի ուսուցման ամառային դպրոցի պարապմունքների կազմակերպումը Սեւանի համայնքապետարանի եւ «Ֆրանս-ֆորմասիոն ինտերնասիոնալի» համագործակցությամբ, լեզվի նկատմամբ առաջացրել է մեծ հետաքրքրություն աշակերտների եւ երիտասարդների շրջանում: Հավելենք, որ մարտի 20-ը ֆրանկոֆոնիայի միջազգային օրն է, դրա համար էլ մենք ֆրանկոֆոնյան գարնան մեկնարկը տալու ենք այդ օրը»,- նշեց Արմինե Ղուկասյանը:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am