«Բարև Երևան». Նատալիա Օրեյրոն հայաստանյան համերգից առաջ տեսաուղերձ է հղել

Armenpress 16:56, 9 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուրուգվայցի հայտնի երգչուհի, դերասանուհի Նատալիա Օրեյրոն հայաստանյան համերգից առաջ հանդես է եկել տեսաուղերձով: Ապրիլի 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում տեղի կունենա երգչուհու համերգն իր «Անմոռանալի շրջագայության» շրջանակներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեսաուղերձում Օրեյրոն մասնավորապես նշում է. «Բարև Երևան: Ինչպե՞ս եք: Ես Նատալիա Օրեյրոն եմ: Ցանկանում եմ ձեզ հրավիրել միասին տոնելու ապրիլի 7-ը՝ Մայրության և գեղեցկության օրը: Ձեզ սպասվում է անմոռանալի շոու: Սպասում եմ բոլորիդ: Ուղարկում եմ ձեզ մեծ համբույր: Թող ձեզ մոտ ամեն ինչ լավ լինի»: Հավելենք, որ Օրեյրոն Երևան կբերի երկու ժամանոց ինքնատիպ շոու: Արտիստը բեմում կլինի իր երաժիշտների ու պարողների հետ: Օրեյրոն վստահ է՝ այս համերգը հանդիսատեսը երբեք չի մոռանա: Նատալիա Օրեյրոն հայաստանցիներին առավել հայտնի է «Վայրի հրեշտակ» հեռուստասերիալից: Նրա հանրահայտ «Cаmbiо dolor» երգը սիրված է ամբողջ աշխարհում:

Համերգը կազմակերպել են «ГАМАЮН Продакшн»-ը և «Վիար Թիքեթ Գլոբալ» ՍՊԸ-ն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am