Աշոտ Ղուլյանը հանդիպել է Եվրախորհրդարանի նախագահի տեղակալ Սիլվի Գիյոմի հետ

Armenpress 10:24, 7 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մարտի 6-ին հանդիպել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Սիլվի Գիյոմի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Արցախի խորհրդարանի նախագահը շեշտել է նման առիթների կարևորությունը եվրոպական կառույցների՝ մասնավորապես Եվրախորհրդարանի անդամներին Արցախի մասին անաչառ և առաջին ձեռքից տեղեկատվություն հաղորդելու առումով:

Ողջունելով ԱՀ ԱԺ նախագահին՝ Սիլվի Գիյոմն անհարաժեշտ է համարել Արցախի մասին տեղեկությունների թարմացումը և կարևորել հարաբերությունների շարունակական զարգացումը՝ ընդգծելով, որ այս ուղղությամբ առկա է մեծ ներուժ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ֆրանսիացի և հայ ժողովուրդների բարեկամությանը, Արցախում ժողովրդավարության հետագա զարգացմանը և օրենքի գերակայության ապահովմանը, ընտրական գործընթացների կազմակերպմանը, խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունների ընդլայնմանը վերաբերող թեմաների:

Երկուստեք հավաստվել է պատարաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը նաև Եվրոպական խորհրդարանի առաջիկա ընտրություններից հետո:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am