Վանաձորցի աշակերտներն առաջին օգնություն են ցույց տվել գետն ընկած մեքենայի վիրավորներին

Armenpress 15:15, 6 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 8-րդ Բ դասարանի աշակերտներ Էդիկ Ղարաքեշիշյանը և Էդմոն Քոչարյանը Տանձուտ գետն ընկած մեքենայի վիրավորներին առաջին օգնություն են ցուցաբերել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վթարը տեղի է ունեցել մարտի 3-ին: «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթյա ճաղավանդակներին և հայտնվել Տանձուտ գետում: Աշակերտները, այդ պահին գտնվելով վթարի վայրում, մինչ փրկարարների ժամանելն ուղղել են մեքենան, կանխել հրդեհի վտանգը և տուժողներին ցույց տվել առաջին օգնություն: Էդիկը և Էդմոնը դպրոցի փրկարարական ջոկատի անդամներ են: Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ վթարից հետո դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Փրկարարները վարորդին և ուղևոր Ա. Թ.-ին (ծնված 1982 թ.) պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջիններս հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am