ԱՄԷ-ն բարձր է գնահատել Աբու Դաբիում Հայաստանի զինվորական նվագախմբի և պատվո պահակային վաշտի ելույթները

Armenpress 13:07, 6 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանին մարտի 5-ին  ընդունել է ԱՄԷ պաշտպանության պետնախարար Մուհամմադ բին Ահմադ ալ-Բովարդին (Mohammed Bin Ahmad Al Bawardi):

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման սկզբում դեսպան Մկրտումյանն ալ-Բովարդիին է փոխանցել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները: Ծավալված զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, անդրադարձ է կատարվել և պետնախարարի կողմից մեկ անգամ ևս բարձր գնահատականի արժանացել Աբու Դաբիում փետրվարին կայացած IDEX-2019 ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին Հայաստանի զինվորական նվագախմբի և պատվո պահակային վաշտի ելույթները։

Քննարկվել է նաև երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Հայաստանի պաշտպանության նախարարության պատվո պահակային վաշտը և զինվորական նվագախումբը Աբու Դաբիում դիտարժան ելույթով են հանդես եկել IDEX-2019 ցուցահանդեսի շրջանակներում, որին մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: IDEX-2019 ցուցահանդեսում ներկայացված է եղել նաև հայկական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների տաղավար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am