Հայաստանի քաղաքացիներն անհամբերությամբ սպասում են դեպի ԵՄ ազատ ճանապարհորդելու հնարավորությանը. Փաշինյանը՝ Տուսկին

Armenpress 17:08, 5 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ Բրյուսելում կայացած հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, որը կարևորագույն գործիք է երկկողմ հարաբերությունների ընդլայնման ու Հայաստանի բարեփոխումների օրակարգի իրականացման համար:«Մենք մտադիր ենք իրականացնել այս հավակնոտ օրակարգը` հիմնվելով մեր քաղաքացիների ու հայրենակիցների ծանրակշիռ մանդատի, ինչպես նաեւ մեր միջազգային գործընկերների հարաճուն աջակցության վրա:Մենք համակարծիք ենք, որ բոլոր անդամ պետությունների կողմից համաձայնագրի հնարավորինս արագ վավերացումն էական նշանակություն ունի և թույլ կտա լիարժեքորեն օգտվել այս փաստաթղթով նախատեսված բոլոր հնարավորություններից, որոնք ժամանակավորապես կիրառվում են 2018 թվականի հունիսից: Այս համատեքստում, մենք քննարկեցինք վավերացման գործընթացի արագացման ուղիները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպումից հետո իր հայտարարության ընթացքում ասել է Նիկոլ Փաշինյանը: 

«Երկուստեք քննարկեցինք նաև վիզաների ազատականացման գործընթացը: Հայաստանի քաղաքացիներն ակնկալում են մոտ ապագայում դեպի Եվրամիություն ազատ ճանապարհորդելու հնարավորություն ունենալ: Մենք հուսով ենք, որ այսհարցում քաղաքական որոշում կարձանագրվի, քանի որ դա շոշափելի արդյունք կլինի մեր քաղաքացիների համար եւառավել տեսանելի կդարձնի մեր գործընկերությանը»,- ասաց ՀՀ վարչապետը:

Ըստ նրա՝ նախագահ Տուսկի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Արևելյան գործընկերության առաջիկա 10-րդ տարեդարձին: «Ես վերահաստատեցի Արևելյան գործընկերության 10-ամյակի համատեղ նախապատրաստական աշխատանքներում ակտիվորեն ներգրավվելու մեր պատրաստակամությունը»,- ասաց նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am