Տիգրան Մուկուչյանը չի բացառում տարածքային ընտրական հանձնաժողովների անդամների համար սահմանվող չափանիշների բարձրացումը

Armenpress 15:44, 5 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը տարածքային ընտրական հանձնաժողովների աշխատանքի կազմակերպման առումով որոշակի անելիքների անհրաժեշտություն է տեսնում: Հանձնաժողովների ձևավորման մեխանիզմները պետք է ճկուն լինեն, որ հետագայում խնդիրներ չառաջանան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մուկուչյանը ԱԺ ամբիոնից այս մասին խոսեց` պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի հարցին:

Տիգրանյանի կարծիքով` տեղամասային ընտրական հանձնաժողովների ձևավորման կարգը արմատական վերանայման կարիք ունի: «Այդ մարմիններն անկախ գործելու համար պետք է ունենան ոչ թե կուսակցական, այլ մասնագիտական ձևավորման սկզբունք»,- նշեց նա:

«Տարածքային ընտրական հանձնաժողովների աշխատանքի կազմակերպման առումով կա անելիք: Մենք այդ մասին միշտ բարձրաձայնել ենք: Հետագայում, երբ արդեն աշխատանքներ կատարվեն Ընտրական օրենսգրքի բարեփոխումերի հետ կապված, գուցե արդեն չափանիշները բարձրացվեն: Հանձնաժողովների համար բարձր չափանիշներ են դրված, վերջիններս պետք է իրականացնեն վարչական վարույթներ, իսկ դրանց իրականացումը պահանջում է բարձր պրոֆեսիոնալիզմ ապահովել նաև տարածքային հանձնաժողովների համար»,- ասաց Մուկուչյանը:

Նա նշեց` հանձնաժողովների կազմավորման կարգի համար կարող են լինել տարբեր մոտեցումներ: Հիմա ընտրված մոտեցումն այնպես է, որ նշանակումը հիմնականում արվում է  ԱԺ-ում խմբակցություն ունեցող կուսակցությունների կողմից: «Կան տարբեր մոտեցումներ: Եթե որոշում ենք փոփոխության գնալ, ապա պետք է քննարկվեն բոլոր հարցերը` կադրային անհրաժեշտ բազա, նշանակման հնարավոր մեխանիզմներ»,-ասաց ԿԸՀ նախագահն ու շեշտեց` մեխանիզմները պետք է այնքան ճկուն լինեն, որ հետագայում հանձնաժողովներ ձևավորելու առումով խոչընդոտներ չառաջանան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am