Նատալիա Օրեյրոն երևանյան համերգին կներկայանա տարբեր կերպարներով

Armenpress 16:15, 2 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Վայրի հրեշտակը» սիրված հեռուստանովելից հանրությանը հայտնի դարձած ուրուգվայցի դերասանուհի, երգչուհի Նատալիա Օրեյրոն երևանյան մենահամերգին վեց անգամ փոխելու է հագուստը: Նա ներկայանալու է գալակտիկայի թագուհու կերպարով, ով կորցնում է այն  և նորը փնտրում: Ըստ բեմադրության` Օրեյրոն իր տիեզերանավով մոտենում է Երկիր մոլորակին ու սիրահարվում այն գեղեցկությանը, որ տեսնում է այնտեղ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանում երգչուհու մենահամերգը տեղի կունենա ապրիլի 7-ին` Մայրության և գեղեցկության տոնին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

«Լինելով ուրուգվայցի՝ մանկուց երազել եմ ծանոթանալ Հայաստանին: Կարծում եմ՝ միասին կուրախանանք և լավ ժամանակ կանցկացնենք: Մեծ անհամբերությամբ եմ սպասում հայ հանդիսատեսի հետ ծանոթությանը նշել է  Օրեյրոն:

Երգչուհին հայաստանյան բեմում կլինի իր երաժիշտների ու պարողների հետ: Բեմում տեղադրված էկրաններին կցուցադրվեն հատուկ այդ շոուի համար ստեղծված տեսապատկերներ: Կներկայացվեն երգեր Օրեյրոյի երեք սկավառակներից: Հնչելու են Cambio dolor, Me muero de amor, Rio de la Plata, Tu veneno, Que digan lo que quieran, Gitano Corazón, Estamos todos solos, Valor, United by love և այլ գործեր:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am