Կրթության և գիտության նախարարը վստահեցնում է՝ բոլոր ռեկտորների նկատմամբ ցուցաբերում է հավասար ու արդար վերաբերմունք

Armenpress 16:23, 27 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հավաստիացնում է՝ իր նշանակման պահից բոլոր բուհերի ռեկտորների՝ այդ թվում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի նկատմամբ հավասար և արդար վերաբերմունք է ցուցաբերել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հարությունյանն այս մասին ասաց՝ անդրադառնալով տեսակետներին, թե Արման Սիմոնյանի նկատմամբ «քաղաքական հետապնդում» է իրականացվում:

«Ես Արամ Սիմոնյանի և մնացած բոլոր ռեկտորների նկատմամբ իմ նշանակվելուց հետո հավասար և արդար վերաբերմունք եմ ունեցել: Եվ այսուհետ էլ այդպես է շարունակվելու: Որևէ խտրական վերաբերմունք չի կարող լինել: Մինչ հիմա Սիմոնյանի հետ եղել են բացառապես գործընկերային հարաբերություններ»,-ասաց նախարարը:

Փետրվարի 28-ին ԵՊՀ-ում կկայանա ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ, որի օրակարգում ռեկտորի լիազորությունների դադարեցման հարցն է: Այս հարցը հակասական ու բուռն քննարկումների առիթ է դարձել:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am