Թեհրանում կայացել է ՀՀ վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունը

Armenpress 11:34, 27 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանի «Սաադաբադ»  պալատում տեղի է ունեցել պաշտոնական այցով Իրան ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմավորման պաշտոնական արարողությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Սաադաբադ» պալատում ՀՀ վարչապետին դիմավորել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդականյանը:

Այցի շրջանակներում նախատեսված է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԻԻՀ հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի հետ:   Թեհրանում վարչապետը հանդիպում կունենա Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ, որից հետո երկու երկրների առաջնորդները զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Ի պատիվ ՀՀ վարչապետի՝ Իրանի նախագահի անունից կտրվի պաշտոնական ճաշ: Այնուհետև կառավարության ղեկավարը հանդիպում կունենա ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ: Փետրվարի 27-ի երեկոյան վարչապետը կայցելի Թեհրանի «Արարատ» մարզամշակութային կենտրոն և կհանդիպի Թեհրանի հայ համայնքի ներկայացուցիչներին:Փետրվարի 28-ին ՀՀ կառավարության ղեկավարը կմեկնի Սպահան, որտեղ հանդիպում կունենա նահանգապետի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ:  

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am