Հայաստանի  անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվեց 5-ով

Armenpress 19:39, 22 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության  փետրվարի 21-ին  ընդունված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվեց ևս 5-ով. դրանք են՝ «Որդան կարմիր. հայկական որդանին առնչվող ավանդական գիտելիքներ, հմտություններ և փորձառություն», «Գյումրվա կլկլան (մուշուրբա)», «Ստվերների տիկնիկային թատրոն», «Պարկապզուկ (տիկ)», «Կոխ ըմբշամարտ» արժեքները: Մինչ այդ ցանկում էր 7 արժեք` «Կարոս խաչ» վիպերգ, «Լարախաղացություն (փահլևանի խաղեր)», «Վիճակի երգեր», «Ավետիս», «Խաչբուռ», «Ասեղնագործություն», «Բարեկենդան»։ Այս մասին  «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Հայաստանի Հանրապետության` անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերի գրանցման ու կազմման չափորոշիչները և դրանց հիման վրա կազմված ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը» հաստատվել է ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 36-Ն որոշմամբ:

Ներկա որոշմամբ Հայաստանի Հանրապետության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների առկա ցանկը համալրվեց, որի անհրաժեշտությունը պայմանավորված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի և Հայաստանի Հանրապետության՝ «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» օրենքի դրույթներով:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկերում գրանցված տարրերը ՅՈՒՆԵՍԿՕ են ներկայացվում ՀՀ մշակույթի նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդում քննարկվելուց և ՀՀ Արտաքին գործերի նախարարության ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի հավանությանն արժանանալուց հետո միայն»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am