Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

Armenpress 16:32, 22 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Համաշխարհային բանկի Զարգացման քաղաքականության գործառնությունների և տեխնոլոգիական ներուժի իրացման առաքելության ներկայացուցիչների հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը ողջունել է հյուրերին, ներկայացրել կառավարության ծրագրի տնտեսական գլխի հիմնական առանցքները և նշել, որ ծրագրի  նպատակներ հանդիսացող արտադրողականության և մրցունակության բարձրացումն անհնար է առանց էական ներդրումների, մասնավորապես՝ տեխնիկական և տեխնոլոգիական վերազինման նպատակով։

«Կան որոշակի գործիքներ, որոնք ևս մեզ հուշում են, թե ինչ անելիքներ ունենք։ Մասնավորապես՝ Համաշխարհային բանկի կողմից հրապարակվող մի քանի զեկույցներ մեթոդոլագիական լավ ուղեցույցներ են իրականացվող բարեփոխումների մասով՝ ներկայացնելով ոչ թե Կառավարության ինքնագնահատականը, այլ մասնավոր հատվածի կարծիքը իրականացվող բարեփոխումների մասին», - ասել է Տիգրան Խաչատրյանը։

ՀԲ ներկայացուցիչները նշել են, որ Բանկը պատրաստում է վերլուծական աշխատանք տեղեկատվության և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտի վերաբերյալ, ինչը կարող է օգտակար լինել կառավարության ներկա առաջնահերթությունների հարցում։ Ըստ ՀԲ ներկայացուցչի՝ Զարգացման քաղաքականության գործառնությունները ևս ազդակ են, որ Համաշխարհային բանկը կառավարության կողքին է իր ծրագրի իրականացման գործում։

ՀԲ Մակրոտնտեսագիտության գծով տնօրեն Սանդիփ Մահաջանի գլխավորությամբ ՀԲ խումբը հետաքրքրվել է ներդրումային միջավայրի բարելավման միջոցառումներով, նախարարի հետ քննարկել օրենսդրական նախաձեռնությունները, ինչպես նաև գործարար միջավայրի բարեփոխումները։

Քննարկվել են նաև փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման և տնտեսության բազազանեցման հարցերը։

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am