Սուրեն Պապիկյանն ընդունել է Շվեյցարիայի դեսպանին

Armenpress 14:29, 22 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոթոյին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման մեկնարկին նախարար Պապիկյանը նշել է, որ ուրախ է հյուրընկալել բարեկամ երկրի դեսպանին, ում պետության հետ հարաբերությունները գտնվում են չափազանց կարևոր հանգրվանում և հավելել, որ հայ-շվեյցարական կապերի ամրապնդումը, խորացումն ու համագործակցության նոր եզրեր գտնելը Հայաստանի նոր կառավարության օրակարգի մաս են կազմում։ «ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ հաջողված համագործակցության արդյունքում  Զարգացման և համագործակցության Շվեյցարիայի գործակալությունը գործընկեր կազմակերպությունների հետ 2014 թվականից սկսած մեծ ներդրում է  ունեցել Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների և տեղական ինքնակառավարման համակարգի կարողությունների հզորացման  գործում»,- ասել է նախարարը՝ կարևորելով հետագա փոխգործակցության նոր և բազմաշերտ ուղղություններ փնտրելու անհրաժեշտությունը։

Դեսպան Լազարոթոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել, որ Շվեյցարիան շահագրգռված է աջակցել Հայաստանի համայնքներում հաշվետվողականության, արդյունավետության, քաղաքացիներին ավելի հասանելի ծառայություններ մատուցելու ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Դեսպանը նաև ուրախությամբ փաստել է, որ թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված ներդրումային միջավայրը դրական ազդակներ է ուղարկում շվեյցարացի պոտենցիալ ներդրողներին։

Նախարարը վերահաստատել է տեղական ինքնակառավարման մարմինների թափանցիկության, ինքնաբավության, տեղական ժողովրդավարության խորացման ուղղությամբ կառավարության հանձնառությունը և հույս հայտնել, որ այդ գործում կարող են ապավինել եվրոպական երկրների զարգացած փորձին ու կուտակած իմացությանը։ Անդրադարձ կատարելով կառավարության կողմից մեկնարկած տնտեսության առողջացման և բարեփոխումների մի շարք միջոցառումներին՝ Սուրեն Պապիկյանը նկատել է, որ Հայաստանի իշխանությունները հետաքրքրված են տնտեսության տարբեր ճյուղերում շվեյցարական կապիտալի ավելի լայն ու ակտիվ ներկայացվածությամբ։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am