«Ինեկոբանկ»-ը ցուցակման է ներկայացրել 5 մլն․ԱՄՆ դոլար և 1․5 մլրդ ՀՀ դրամ ծավալով պարտատոմսեր

Armenpress 14:07, 22 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի ֆոնդային բորսայի ցուցակման զանգը փետրվարի 22-ին  ազդարարել է Ինեկոբանկի դոլարային և դրամային արժույթով պարտատոմսերի ցուցակումը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Ինեկոբանկ»-ից: 

«Ուրախ ենք տեղեկացնել, որ գործող ծրագրային ազդագրի շրջանակներում վաղաժամկետ ավարտել ենք պարտատոմսերի 2-րդ (INECB23ER6) և 3-րդ (INECB24ER4) տրանշների տեղաբաշխումը և սկսել Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակման գործընթացը: Ընդհանուր առմամբ նախատեսված 20 միլիոն ԱՄՆ դոլար և 2․5 միլիարդ ՀՀ դրամ հայտարարած ծավալից արդեն իսկ տեղաբաշխվել են 10 միլիոն ԱՄՆ դոլար և 1.5 միլիարդ ՀՀ դրամ ծավալով պարտատոմսեր՝ այդ թվում նաև առաջին դոլարային տրանշը (INECB22ER8), որը ցուցակվել է 2018թ. սեպտեմբերին», - ասել է «Ինեկոբանկ»-ի ֆինանսական տնօրեն Հայկ Ոսկանյանը։

Ընկերության դոլարային պարտատոմսերը (INECB3) ցուցակվել են 5 մլն․ԱՄՆ դոլար ծավալով, 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով և 5․25% արժեկտրոնային եկամտաբերությամբ։ Վճարումները կատարվելու են կիսամյակային պարբերականությամբ։ Սա Ինեկոբանկի երկրորդ դոլարային ցուցակումն է։

Դրամային պարտատոմսերը (INECB4) ցուցակվել են 1․5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 10 000 ՀՀ դրամ անվանական արժեքով և 9․75% արժեկտրոնային տոկոսադրույքով։ Այս պարտատոմսերը, ինչպես և դոլարային պարտատոմսերն ընդգրկված են բորսայի Abond ցուցակման հարթակում։

Հայկ Ոսկանյանը հավելել է․«Թողարկումները լինելու են շարունակական, քանի որ բանկը վստահ քայլերով ամրապնդելու է իր դիրքերը նաև պարտատոմսերի շուկայում: Վստահ ենք, որ հերթական տրանշը ևս կլինի արդարացված, քանի որ վերջին տրանշների վաղաժամկետ տեղաբաշխումն ազդակ էր այն մասին, որ ներդրողների շրջանում կա բանկի թողարկած պարտատոմսերի նկատմամբ զգալի պահանջարկ՝ շնորհիվ «Ինեկոբանկ»-ի նկատմամբ ունեցած բարձր վստահության»։

Ողջունելով «Ինեկոբանկ»-ի նոր ցուցակումը՝ Հայաստանի ֆոնդային բորսայի ֆինանսական տնօրեն Միքայել Հայրապետյանը նշել է․«Համոզված ենք, որ նման ակտիվությունը կբերի նշանակալի արդյունքներ ինչպես բանկի, այնպես էլ կապիտալի շուկայի համար»։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am