Քննարկվում է Թուրքմենստանում Հայաստանի առևտրի տան բացման հնարավորությունը

Armenpress 09:35, 22 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը փետրվարի 21-ին հանդիպել է Թուրքմենստանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Բատըր Բազարովի (Batyr Bazarow) հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ-ի լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, 2019թ. կեսին Աշխաբադում կայանալիք հայ-թուրքմենական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի 9-րդ նիստի նախապատրաստական աշխատանքների համատեքստում քննարկվել է դրա օրակարգի ֆինանսատնտեսական հատվածում ներառվելիք հարցերի շրջանակը:

Անդրադարձ է կատարվել Թուրքմենստանում Հայաստանի առևտրի տան բացման հնարավորությանը, թուրքմենական շուկայում հայկական կապիտալով ընկերությունների ներգրավման հեռանկարներին և երկկողմ տնտեսական հարաբերությունների փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Զրուցակիցները կարևորել են երկու երկրների տնտեսական հարաբերությունների ակտիվացման և առևտրաշրջանառության ծավալների մեծացման անհրաժեշտությունը և պայմանավորվել են հետագայում ևս շարունակել ոլորտային համագործակցությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am