ՀՀ փոխվարչապետ Գրիգորյանն Արցախի պետնախարարի հետ քննարկել է հայկական երկու հանրապետություններում նախատեսվող բարեփոխումները

Armenpress 19:50, 20 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը փետրվարի 20-ին հանդիպել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, նշելով, որ հանդիպումը կայանում է Արցախի համար խորհրդանշական՝ Արցախի վերածննդի օրը՝ փոխվարչապետը կարևորել է հայկական երկու հանրապետությունների միջև կենսական կարևորություն ունեցող ոլորտներում համագործակցության շարունակական զարգացումը։

Փոխվարչապետ Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ կառավարության նոր ծրագրում արտացոլված գերակայություններն ու տնտեսական զարգացման վերաբերյալ իրականացվող քաղաքականության տրամաբանությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայկական երկու հանրապետություններում նախատեսվող բարեփոխումների և դրանց իրականացման համար կատարվելիք քայլերի շուրջ՝ երկուստեք կարևորելով փորձի փոխանակումն ու համատեղ ծրագրերի իրականացումը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am