Գագիկ Հարությունյանը ցավակցական ուղերձ է հղել Լուիզ Մանուկյան-Սիմոնի մահվան կապակցությամբ

Armenpress 16:32, 20 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ցավակցական ուղերձ է հղել ամերիկահայ բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնի մահվան կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Խոր ափսոսանքով տեղեկացա մեր ժամանակների ազգային մեծագույն գործիչ, հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ բացառիկ դերակատարություն իրականացրած, Ալեք Մանուկյանի գործի հավատավոր շարունակող Լուիզ Մանուկյան-Սիմոնի մահվան մասին:

Ես պատիվ ու երջանկություն եմ ունեցել 1990 թվականից սկսած մեր մեծ հայրե­նակցի հետ մշակել ու իրականացնել բազում ծրագրեր, որոնց մասին դեռևս հատորներ պետք է գրվեն: Նա ոտքով է անցել Հայաստանն Արցախի հետ կապող ճանապարհներով, քաջատեղյակ է եղել նորանկախ պետության կայացման, անվտանգության երաշխա­վորման, կյանքի տարբեր ոլորտները ներառող մարտահրավերներին  ու անմ­նացորդ ջանքերով աջակից է եղել դրանց հաղթահարմանը: Հատկապես Հայաստանի անկախացման ու արցախյան տագնապի առաջին տարիներին Վազգեն Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Լուիզ Մանուկյան-Սիմոնի, Հրայր Հովնանյանի ու էլի մի շարք հայ երևելիների ջանքերը բախտորոշ նշանակություն ունեցան մեր երկրի ապա­գայի համար: Վստահ եմ՝ սերունդները դեռևս առիթն ու հնարավորությունը կունենան ամբողջական ու հավաստի պատկերացում ունենալ նրանց քաջագործու­թյունների մասին ու անթաքույց հպարտանալ նրանցով:

Իմ խոնարհումը Լուիզ Մանուկյան-Սիմոնի խնկարկելի հիշատակին, խորին ցավակցությունս հարգարժան Ռիչարդ Մանուկյանին ու Մանուկյանների ընտանիքի բոլոր անդամներին»:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am